Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Համալսարանական կլինիկաները` նորացված

Համալսարանական կլինիկաները`  նորացված

Մայրության և գեղեցկության տոնի առիթով` ի դեմս բժշկական համալսարանի ռեկտորի մամուլի քարտուղարի, շնորհավորում ենք բոլոր կին համալսարանականներին, մաղթում  ամենայն բարիք:

 

Նույն առիթի բերմամբ ներկայացնում ենք Անահիտ Հայթայանին

 

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը:

 

Ստեղծման առաջին իսկ շաբաթից` երկար տարիներ աշխատել է«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, գրել է հիմնականում առողջապահական թեմաներով:

 

Երեք տարի ղեկավարել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունը:  Այդ ընթացքում` 2009-ին, նրա ղեկավարած բաժինը Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխությամբ արժանացել է «Ոսկե բանալի» մրցանակի`  որպես հասարակայնության և զանգվածային լրատվամիջոցների հետ լավագույնս և թափանցիկ աշխատող գերատեսչություն:  

 

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տպագրված լավագույն լրագրողական հետաքննական նյութի համար արժանացել է «Վահագն 2003» մրցանակի:

 

Լրագրության ոլորտում երկարամյա և արգասաբեր աշխատանքի, ցուցաբերած մասնագիտական բարձր կարողությունների համար 2010թ. հոկտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: 

 

2011-ի ապրիլից Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի մամուլի քարտուղարն է: Զբաղվում է զանգվածային լրատվամիջոցներում համալսարանի գործունեության լուսաբանմամբ, ինչպես նաև բուհի պաշտոնական կայքի նորացումով:

 

2000 թվականից Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) անդամ է:

 

«Մեր համալսարանի առաքելությունը երկրին լավագույն մասնագետներ տալն է: Մենք պարտավոր ենք մտածել մեր քաղաքացիների առողջության մասին». վերջին մեկ տարում տարբեր քննարկումների, խորհրդակցությունների ընթացքում այս արտահայտությունը հաճախ է կրկնում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը:

 

Այդ նպատակով համակողմանի բարեփոխումներ են իրականացվում թե´ կրթական, թե´ բուժական ոլորտներում: Այսօր բուժական հատվածին անդրադառնալու պահն է: 

 

«Դեռ անցած տարվա հունիսին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից «Մուրացան» տեղափոխվեցին մանկական բաժանմունքները: Կենտրոնացման և համալիր ծառայությունների շնորհիվ այնտեղ զգալիորեն բարելավվեց մանկաբուժական ծառայության որակը, իսկ հիվանդանոցը դարձավ մանկական ուղղվածություն ունեցող առաջատար բժշկական կենտրոններից մեկը: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում ազատված տարածքներն անմխիթար վիճակում էին, և այդ պայմաններում ուղղակի անհնար էր որևէ ծառայություն կազմակերպել, իսկ ուսանողներին աշխարհի առաջատար տեխնիկայից օգտվելու մեր մասնագետների փորձի ցուցադրման մասին մտածել անգամ չէինք կարող: Այդ պատճառով որոշեցինք առաջին հերթին վերանորոգել մասնաշենքի երկու հարկը և այստեղ կենտրոնացնել վիրահատական ուղղվածություն ունեցող կլինիկաներն ու վիրահատարանները, քանի որ դրանք ևս լավ վիճակում չէին: Մեծածավալ շինարարական աշխատանքներ էինք նախաձեռնում և ճիշտ համարեցինք միանգամից թերապևտիկ մասնաշենքի երրորդ հարկը ևս ընդգրկել»,- ասում է ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը:

 

Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ամեն ինչ հիմնովին փոխվել է: Նախկինից, թերևս, միայն պատերն են մնացել: Հենց մուտքից աչք շոյող գույներն ու մաքրությունը, լուսային ժամանակակից լուծումները, կահավորանքը հաճելի տրամադրություն են ստեղծում: Կլինիկաները ներկայանում են ոչ միայն գեղեցիկ տեսքով, այլև միջազգային ժամանակակից բոլոր չափորոշիչներն ապահովող նորագույն տեխնիկայով:

 

Նորացված երկու հարկաբաժիններում տեղակայվում են ընդհանուր վիրաբուժության (ղեկավար` բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյան), քիթ-կոկորդ-ականջաբանության (ղեկավար` բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Շուքուրյան), փոքր ինվազիվ անոթային վիրաբուժության (ղեկավար` բ.գ.դ. Ռաֆայել Մանվելյան), դիմածնոտային վիրաբուժության (ղեկավար` բ.գ.թ., դոցենտ Աննա Պողոսյան), մանկական վիրաբուժության (ղեկավար` բ.գ.թ. Մելիք Ռոստոմյան), վնասվածքաբանության (ղեկավար` բ.գ.թ., դոցենտ Արսեն Ազիզբեկյան), ինչպես նաև նոր կազմավորված ուրոլոգիայի (ղեկավար` բ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Ծատուրյան) կլինիկաները:

 

Յուրաքանչյուր ծառայություն իր առանձին վիրահատարանն ունի` հագեցած նորագույն լամպերով ու սեղաններով, Drager հեղինակավոր ֆիրմայի անզգայացման լավագույն սարքերով, անհրաժեշտ այլ տեխնիկայով: Առանձին վիրահատարանում կկատարվեն լապարասկոպիկ եղանակով վիրահատությունները:

 

Ինչ խոսք, վիրաբուժական ուղղվածությամբ կլինիկաների արդյունավետ գործունեությունն անհնար է պատկերացնել առանց ժամանակի պահանջներին համապատասխանող անզգայացման և ինտենսիվ թերապիայի: Պրոֆեսոր Իրինա Մալխասյանի ղեկավարությամբ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայի բարձր որակավորում ունեցող մասնագետները վիրահատական միջամտությունների անեսթեզիոլոգիական և ռեանիմատոլոգիական բարձրակարգ սպասարկում են իրականացնում: Կլինիկան հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով` ընդհանուր անզգայացման և արհեստական շնչառության ապահովման նորագույն էքսպերտային դասի սարքերով (Hamilton, Drager հանրահայտ ֆիրմաների), հիվանդների մոնիտորինգի կենտրոնացված համակարգով (Schiller ֆիրմայի) և անհրաժեշտ այլ սարքավորումներով, ինչի շնորհիվ անեսթեզիոլոգիական և ինտենսիվ թերապիայի ժամանակակից չափանիշներին համապատասխան տարբեր միջամտություններ են կատարվում: 

 

Դեռևս 1934-ին պրոֆեսոր Հ. Քեչեկի կողմից այս հիվանդանոցում հիմնադրված վիրաբուժական կլինիկայում, որտեղ մշտապես ճանաչված մասնագետներ են աշխատել, միշտ էլ վիրաբուժական միջամտության նորագույն մեթոդներ են կիրառվել` պահպանելով առաջատարի դիրքերը: Նորացված պայմաններն, անտարակույս, նոր պահանջներ ու պարտավորվածություն է ենթադրում: Կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանն այս առումով չի առանձնացնում բուժական և կրթական ասպարեզները:

 

Ուշագրավ է, որ փոքր, ինվազիվ անոթային վիրաբուժության կլինիկան դեռ չափազանց սուղ պայմաններում կարողացավ էնդովասկուլյար եղանակով վիրահատության մի նոր մակարդակ ապահովել: Կլինիկայի երիտասարդ ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Ռաֆայել Մանվելյանի կողմից անցած ամռանը հիվանդի որովայնային զարկերակների լուսանցքի վերականգնումն առանց կտրվածքի և տեղային ցավազրկմամբ առաջին քայլն էր ոչ միայն մեր հանրապետությունում, այլև տարածաշրջանում: Նման ելքերը սովորաբար ապահովվում են բարձր տեխնոլոգիաների և լավագույն մասնագետների շնորհիվ:

 

«Կյանքն աներևակայելի արագությամբ առաջ է գնում` նոր, ավելի բարձր պահանջներ պարտադրելով: Դրան համընթաց գնալու համար պարտավոր ենք մշտապես հետևել մեր ոլորտում արձանագրվող հաջողություններին և փորձել հետ չմնալ: 

 

Սա կրթական բուժհաստատություն է: Ուստի շարունակական զարգացումներ ապահովելով, վերազինվելով, սպասարկումների որակը բարձրացնելով, պետք է հասնենք մեր գերագույն նպատակին` լավ բժիշկներ պատրաստելուն: Մենք լուրջ քայլեր ենք իրականացնում նաև մեր մասնագետների վերապատրաստումն արտասահմանյան առաջատար կլինիկաներում կազմակերպելու ուղղությամբ»,- ասում է Դերենիկ Դումանյանը:

 

Ակնհայտ է, որ համալսարանական հարկի տակ հիվանդանոցային բուժօգնության կազմակերպման ոլորտում 21-րդ դարին վայել նոր մի մակարդակ է ապահովվել: 

 

Սա ենթադրում է, որ հաջորդը, որտեղ էլ որ լինի` կամա, թե ակամա` պիտի փորձեն ավելի լավը ստեղծել: Իսկ դրանից կշահի մեր երկիրը, մեր ժողովուրդը...

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ